«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Այնքան շատ Առնո կա նրանում»

«Այնքան շատ Առնո կա նրանում»
23.11.2012 | 11:22

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԻ ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը: Համերգն իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համերգից ստացված հասույթը կուղղվի Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը: Կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ալ. Պախմուտովայի, Գ. Մովսիսյանի, Ա. Ֆլյարկովսկու, Ա. Օստրովսկու, Է. Կոլմանովսկու, Մ. Ֆրադկինի, Յան Ֆրենկելի և այլ ճանաչված կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ: Համերգին կմասնակցեն Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի-պարի անսամբլը, Մոսկվայի «Ռեսպուբլիկա» խումբն ու այլ ճանաչված կատարողներ:
«Արվեստը, բեմը թմրանյութ են, և դրանից չեն բուժվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ի. Կոբզոնը: Անդրադառնալով այն հարցին, թե մեծատառով մարդ և մեծատառով արտիստ բնորոշումներից ո՞րն է ավելի ընդունելի համարում, ասաց, որ իրեն դուր է գալիս արտիստը, ում մասին լավ են խոսում որպես մարդու:
Այս քաղաքում, այս դահլիճում երգիչն էլի է համերգ տվել: Առաջին անգամ չէ, որ բարեգործական համերգ է տալիս, բայց հայաստանյան համերգը շատ է կարևորում, շատ բան է կապում իրեն մեր երկրի հետ՝ լավ, բարի:
Երգիչը վերհիշեց Հայաստանի մութ ու ցուրտ տարիները, երբ երեխաները քաղցած էին, և ինքը Երևան էր եկել երկու բեռնատարով. մեկում` ալյուր, մյուսում՝ շաքարավազ:
«Ասում են, որ իմ կատարած երգերի թիվը հասնում է 3000-ի, ես չգիտեմ, չեմ սիրում հաշվել, ուղղակի երգել եմ: Իհարկե, չեմ կարող դրանք բոլորը կատարել: Կհնչեն այն երգերը, որ գրել են իմ հայ ընկերները, և այն երգերը, որ սիրում եմ կատարել համերգների ժամանակ»,- ասաց նա:
Երգիչը խոսեց նաև Երևան քաղաքում գտնվող Առնո Բաբաջանյանի հուշարձանի մասին:
«Չգիտեմ` ինչպես եք դուք վերաբերվում, ես շատ եմ սիրում այդ հուշարձանը,- ասաց նա:- Այնքան շատ Առնո կա նրանում, այն Առնոն, ում հետ ես մտերիմ եմ եղել, նրա էմոցիաները, նրա շարժումը, էներգիան, դեմքը: Ասում են` շատերին դուր չի գալիս: Շատերը չեն ճանաչում Առնոյին: Ովքեր ճանաչում են, նրանց դուր է գալիս»:
Նշենք, որ Ի. Կոբզոնը Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է: Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրում: Հանրահայտ երգիչը Ռուսաստանի ռեկորդակիր է` ճանաչվել է երկրի ամենատիտղոսակիր արտիստ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ